ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ
«ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1.Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը Կազմակերպության մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն` հասարակական միավորում է:
1.2.Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:
1.3.Կազմակերպության գործունեության հիմքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգը կազմող իրավական ակտերն են, ինչպես նաև միջազգային իրավունքի փաստաթղթերն ու սույն կանոնադրությունը:
1.4.Կազմակերպությունը իրավաբանական անձ է, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, հանդես գալ դատարանում որպես հայցվոր և պատասխանող:
1.5Կազմակերպությունն ունի իր անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:
1.6.Կազմակերպության անվանումն է.
հայերեն լրիվ` Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպություն,
1.7.Կազմակերպության իրավաբանական հասցեն է՝
ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, քաղաք Բերձոր, VII թաղամաս, 62-7:

2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1.Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են.
-Վերաբնակեցման և հայրենադարձության գործընթացների կազմակերպումը և խթանումը,
-Մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը,
-Դիտորդական առաքելության իրականացումն ընտրական գործընթացների ժամանակ` օրենքով սահմանված կարգով:
2.2.Նպատակների և խնդիրների իրականացման համար Կազմակերպությունն իրավունք ունի.
-Տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
-Կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
-Օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
-Համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,
-Իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,
-Ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1.Կազմակերպության անդամ կարող են դառնալ սույն կանոնադրությունն ընդունող ԼՂՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
3.2.Կազմակերպության անդամի ընդունումը կատարում է Կազմակերպության Խորհուրդը.
-18 տարին լրացած անձանց համար` անդամագրվողի գրավոր դիմումի հիման վրա,
-18 տարին չլրացած անձանց համար` նրանց օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա:
3.3.Կազմակերպության անդամները ունեն հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ:
3.4.Կազմակերպության անդամն իրավունք ունի.
-Մասնակցել Կազմակերպության բոլոր մարմինների ընտրություններին,
-Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կազմակերպության այն մարմինների նիստերին, որոնց անդամը չի հանդիսանում,
-Իրականացնել ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված և սույն կանոնադրությանը չհակասող ցանկացած գործունեություն:
3.5.Կազմակերպության անդամը պարտավոր է.
-Պահպանել Կազմակերպության կանոնադրությունը,
-Կատարել կազմակերպության մարմինների` սույն կանոնադրության համաձայն ընդունված որոշումները,
-Մուծել անդամավճար՝ սահմանված չափով:
3.6.Կազմակերպության անդամությունը կարելի է ազատորեն դադարեցնել՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Կազմակերպության Խորհրդին: Կազմակերպության անդամությունը դադարեցնողը կատարում է Կազմակերպության հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ մինչև Կազմակերպության անդամության դադարելու պահը: Անդամությունը դադարելու դեպքոմ Կազմակերպությունը չի վերադարձնում մուծված անդամավճարները կամ այլ ներդրումները:
3.7.Կազմակերպության անդամի՝ սույն կանոնադրության 3.5 կետի պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամությունը կարող է դադարեցվել Կազմակերպության Խորհրդի որոշմամբ: Նման որոշում Խորհուրդը կայացնում է Խորհրդի իրավազոր նիստի մասնակիցների ձայների առնվազն 2/3-ով:

4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

4.1.Կազմակերպության գործունեության ղեկավարումը սեփական իրավասության սահմաններում իրականացնում են.
-Կազմակերպության ժողովը (Ժողով),
-Կազմակերպության խորհուրդը (Խորհուրդ),
-Կազմակերպության տնօրենը (Տնօրեն):
4.2.Կազմակերպության բարձրագույն մարմինը Ժողովն է, որը գումարվում է ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ: Ժողովն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:
4.3.Արտահերթ Ժողով հրավիրվում է Խորհրդի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ, կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, 2Օ-օրյա ժամկետում:
4.4.Ժողովը բացառիկ իրավասությամբ.
-Հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը և փոփոխում այն,
-Ընտրում է Խորհուրդ և Տնօրեն՝ համաձայն Ժողովի կողմից ընդունված կարգի,
-Որոշում է ընդունում Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին,
-Ետ է կանչում իր կողմից ընտրած անձանց,
-Կարող է չեղյալ համարել Խորհրդի ցանկացած որոշում,
-Հաստատում է Խորհրդի ֆինանսական հաշվետվությունները,
-Որոշում է անդամավճարի չափը,
-Վերահսկում է Խորհրդի և Տնօրենի գործունեությունը:
4.5.Ժողովը կարող է որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են վճռական ձայնով մասնակիցների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4.6.Ժողովը վարում է Խորհրդի համակարգողը:
4.7.Ժողովի օրակարգի, անցկացնելու վայրի, օրվա ու ժամի մասին Կազմակերպության անդամները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն Խորհրդի կողմից ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:
4.8.Ժողովների միջև ընկած ժամանակահատվածում Խորհուրդը լուծում է Կազմակերպության գործունեության հետ կապված բոլոր հարցերը, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի: Խորհրդի լիազորության ժամկետը երկու տարի է:
4.9.Խորհուրդը.
-Ստեղծում է տնտեսական ընկերություններ և օրենքով սահմանված կարգով հրատարակում պարբերականներ,
-Գումարում է Ժողովներ և ապահովում նրանց որոշումների կատարումը,
-Գրանցում է Կազմակերպությանն անդամագրվողներին,
-Որոշում է ընդունում Կազմակերպության անդամության դադարեցման մասին,
-Որոշում է Կազմակերպության միջոցների օգտագործման կարգը,
-Որոշում է ընդունում Կազմակերպության համար գույքի ձեռքբերման և օտարման մասին,
-Ստեղծում է Կազմկերպության կառուցվածքային մարմիններ ու առանձնացված ստորաբաժանումներ և հաստատում նրանց գործունեության կարգը (կանոնակարգը),
-Հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը, որոշում է աշխատողների վարձատրության չափը,
-Որոշում է ընդունում արտահերթ Ժողովի հրավիրման մասին,
-Հանդես է գալիս հայտարարություններով Կազմակերպության անունից:
4.10.Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Խորհրդի իրավազոր նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
4.11.Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի համակարգողը:
4.12.Խորհրդի նիստերը անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:
4.13.Խորհրդի համակարգողն իրականացնում է Խորհրդի աշխատանքի համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները, համակարգում է Խորհրդի գործունեությունը:
4.14.Խորհրդի համակարգող նշանակվում է Խորհրդի անդամներից մեկը` Ժողովի կողմից հաստատված կարգով:
4.15.Խորհրդի համակարգողի քվեն Խորհրդի որոշումների ընդունման ժամանակ որոշիչ չէ:
4.16.Տնօրենը.
-Առանց լիազորագրի ներկայացնում է Կազմակերպությունը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
-Խորհրդի որոշմամբ բացում և փակում է հաշիվներ բանկում, իրականացնում է գործարքներ Կազմակերպության անունից, բանկային փաստաթղթերի վրա ունի առաջին ստորագրության իրավունք,
-Խորհրդի որոշմամբ կնքում է պայմանագրեր և այլ համաձայնություններ Կազմակերպության անունից,
4.17.Տնօրենի լիազորության ժամկետը երկու տարի է:
5.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

5.1.Կազմակերպության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից:
5.2.Կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, դրամական միջոցներ և այլ գույք, որն անհրաժեշտ է Կազմակերպության գործունեության իրականացման համար:
5.3.Իր առջև դրված նպատակներին հասնելու համար Կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:
5.4.Կազմակերպության ունեցվածքը և դրամական միջոցները կարող են օգտագործվել միայն սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների և խնդիրների իրականացման համար, ինչպես նաև ենթակա չեն կազմակերպության անդամների և մասնակիցների միջև բաշխման:
5.5.Կազմակերպության հիմնադիրները և անդամները Կազմակերպությանը որպես սեփականություն հանձնված գույքի /ներառյալ անդամավճարների/ նկատմամբ իրավունքներ չունեն:
5.6.Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների, իսկ Կազմակերպության անդամները՝ Կազմակերպության պարտավորությունների համար:

6.ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

6.1.Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
6.2.Պետությունը պատասխանատու չէ Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունն իր հերթին` պետության պարտավորությունների համար:
6.3.Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը Կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

7.1.Կազմակերպության վերակազմակերպումը կամ լուծարումը կատարվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ՝ եթե դրա համար քվեարկել է կազմակերպության անդամների 2/3-ից ոչ պակաս անդամ:
7.2.Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը կարող է իրականացվել միայն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3.Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: